fbpx

Fe Պատկերասրահ

1994թ.-ից Երևանի Կամերային թատրոնում ստեծվել է «Fe» Մշակութային Համալիրը («Ֆերրում»՝ «Երկաթ»՝ «Երևանի Կամերային թատրոն»), որի նպատակն է՝ հայկական արվեստի պրոպագանդան։
Կենտրոնի ստեղծագործական նախագծերից մեկն էլ հանդիսացավ 1994թ.-ի հունիսի 24-ին բացված Fe-Պատկերասրահը, որտեղ ներկայացվող արվեստագետների թվում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ երիտասարդ, սկսնակ հայ նկարիչներ և քանդակագործներ։
Fe-Պատկերասրահի գործունեության նպատակն է՝ օգնել ժամանակակից արվեստագետներին ինքնահաստատվել և ներկայացնել իրենց արվեստը հասարակությանը։
Fe-Պատկերասրահը միշտ մարդաշատ է, քանի որ ցուցասրահի այցելուն է դառնում նաև Կամերային թատրոնի ներկայացումների հանդիսատեսը։
Fe-Պատկերասրահի գողտրիկ սրճարանում, բուխարու մոտ անցկացվում են զրույցներ նկարչի հետ, կազմակերպվում քննարկումներ արվեստի հարցերի շուրջ։ Այն իր բնույթով ընկերական հավաքատեղի է։
Կամերային թատրոնի Fe-Պատկերասրահում ցուցադրվել են այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ովքեր են՝ Վալենտին Պոդպոմոգովը, Ֆելիքս Եղիազարյանը, Վարուժան Նազարեթյանը, Վահե Թոքմաջյանը, Հարություն Բոյաջյանը, Ռուբեն Առուտչյանը, Տիգրան Մատուլյանը, Շամիր Շահիրյանը, Մարիա Ուլիկյանը, Դավիթ Սահակյանցը և այլոք։

 

2018-2019թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ, «Կամերային ցուցահանդեսներ» արտ-նախագծի շրջանակներում, 2018-2019թթ. ընթացքում Երևանի Կամերային թատրոնի «ԵրԿաթ» պատկերասրահում գործեցին տաղանդավոր հայ նկարիչներ՝ Վահրամ Միքայելյանի (Սերսի խենթ), Ժորա Ավագյանի, Արմեն Աթանյանի, Անդրանիկ Մխիթարյանի (Անդրանիկ Սուսերցի), Վահե Վան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսները:
«Կամերային ցուցահանդեսներ» արտ-ծրագիրը հնարավորություն տվեց՝ Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին, իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը:

«Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթ

1996թ.-ից սկսած, առաջին անգամ Անդրկովկասում, Երևանի Կամերային թատրոնն անցկացրեց «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության ազգային մրցույթը։ Մինչև 2000թ.-ը մրցույթի նախագահն էր հանդիսանում Արա Երնջակյանը։
«Միսս Հայաստան» մրցույթի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների. «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա և Օվկիանոս», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ», «Ոսկյա Ֆորտունա», «Միսս Ռուսական Ռադիո», «Ռուսաստանի Հարավի Գեղեցկուհի», «Miss tourism of the Globe», «American Dream Girl», «Ոսկե Ֆորտունա», «Miss Tourism Internationan Bleack Sea» և այլն։
5 տարիների ընթացքում Հայաստանի գեղեցկուհիները աշխարհի 10 երկրներում անցկացվող 15 միջազգային մրցույթներում նվաճել են 3 գրան-պրի և 15 տիտղոս:

Ժաննա

Պրեմիերա26.02.2015

Բեմադրող նկարիչ`
Ռաֆայել Խաչատուրյան
Օպերատոր`
Հակոբ Կարանֆիլյան
Արտադրությունը՝
«ԵՐԿԱԹ» Պրոդաքշնի

Դերերում

Անի Գրիգորյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Մխիթար Ավետիսյան, Սենիկ Բարսեղյան, Իրինա Դանիելյան, Լուիզա Ներսիսյան, Արսեն Գրիգորյան, Սերգեյ Դանիելյան, Ռիչարդ Մադլենյան և այլոք։

Հեղինակ

Արա Երնջակյան 
Սցենարի հեղինակ և ռեժիսոր

Այս հայտնի պատմությունը տեղի է ունեցել համարյա 600 տարի առաջ։ Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, և օրերից մի օր Ժաննա անունով 18-ամյա մի աղջիկ` ցուցաբերելով զարմանալի սխրանք, ազատագրեց Օռլեան քաղաքը։ Այս հերոսության համար նրան կոչեցին Օռլեանի Կույս։
Երկու տարի անց Ժաննա դ’Արկին մեղադրեցին կախարդության մեջ և 1431թ.-ի մայիսի 30-ին այրեցին խարույկի վրա։
Դարերի ընթացքում այս պատմությունը լրացվել է բազմաթիվ առասպելներով ու հորինվածքներով։ Այսօր մենք առաջարկում ենք Ձեզ նոր վարկած։ Ոմանց դա կարող է թվալ շատ անհավանական և հեռու իրականությունից, բայց, հաշվի առնելով ժամանակակից հասարակության զարմանահրաշ դրսևորումները, կարծում ենք, որ նույնպես կյանքի իրավունք ունի։
Վստահ կարելի է ասել, որ այն հանդիսատեսին, ում ֆիլմի անվանումը կտանի դեպի 15-րդ դարի ֆրանսիական պատմության ավանդական մեկնությունը, մեծ անակնկալներ են սպասում, սակայն այն պահից երբ պարզվում է, որ ֆիլմը նկարահանվում է հայտնի ռեժիսոր և դրամատուրգ Արա Երնջակյանի համանուն կատակերգության հիման վրա, ամեն ինչ կանգնում է իր տեղը:
«ԺԱՆՆԱ»-ն հայ կինոմատոգրաֆի ամենաշովինիստական կատակերգությունն է, որտեղ բացեիբաց խոսվում է Հայի բարոյական կերպարի մասին, որը ավելի բարձր է քան շատ եվրոպական նորածին ազգերի արժեհամակարգերը:
Ֆիլմը հայ տղամարդու յուրահատուկ գովազդ է, ով, ցավոք, դինոզավրի պես աստիճանաբար վերանում է:
Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար:
2014թ. հունիսի 11 – հուլիսի 1-ը իրականացվեցին «Ժաննա» գեղարվեստական կինոնկարի նկարահանման աշխատանքները։
… Ավելի քան 600 տարի առաջ, երբ Ֆրանսիան պատերազմում էր Անգլիայի հետ, տեղի է ունենում իրադարձություն, որը մինչ օրս  պատված է բազմաթիվ անորոշությունների, առասպելների և հորինվածքների շղարշով` դա 18-ամյա Ժաննա Դ`Արկի պատմությունն է, որի զարմանալի սխրանքի  շնորհիվ ազատագրվեց Օռլեան քաղաքը, նա հռչակվեց Օռլեանի Կույս: Սակայն այնուհետ նույն Ժաննային ներկայցվեց կախարդանքի մեղադրանք, և նա իր մահը գտավ ինկվիզիցիայի խարույկի վրա:
Այս պատմությանը դարերի ընթացքում  բազմաթիվ անդրադարձեր եղան, որոնք և  առաջարկեցին տեղի ունեցածի ամնատարբեր, անգամ, աներևակայելի վարկածներ: Ուստի, այս վարկածը ևս ունի կյանքի իրավունք, չնայած, որ ոմանց կարող է թվալ անհավանական և իրականությունից հեռու: Բանն այն է, որ այստեղ կատակերգության ժանրին բնորոշ թեթևությամբ և զվարճալիությամբ, սակայն շատ հստակ, հեղինակը արծարծում է մեզ համար չափազանց արդիական խնդիրներ` դա և՛ կնոջ, և՛ տղամարդու առանձնահատուկ ներաշխարհների, հոգեբանական յուրահատուկ և հաճախ իրարամերժ կառուցվածքների դիտարկումն է:
Այս նախագիծն իր տեսակով առանձնանում է հայրենական կատակերգությունների շարքում` թե՛ իր սյուժետային լուծումներով, թե՛ իր առջև դրված խնդրով, երբ լիաթոք ծիծաղն ունի նաև ցնցուղի էֆեկտ և կոչված է զվարճացնելուց զատ արթնացնել և սթափեցնել:

Խավարում

Պրեմիերա2013

Ֆիլմը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դերերում

Մելիսսա Բրաուն, Վիգեն Ստեփանյան, Ժաննա Թամիզյան, Սոֆիկ Սարգսյան, Արամ Կարախանյան, Նաթելա Հովհաննեսովա, Սենիկ Հարությունյան

Հեղինակ

Արա Երնջակյան 
Սցենարի հեղինակ և ռեժիսոր

Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածն այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում:
«Խավարում» խաղարկային կարճամետրաժ կինոնկարում պատկերված է Արևմտյան Հայաստանը 1915թ.-ի իրադարձությունների համատեքստում։ Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլևս «ոչ» ասելու ցանկացած բռնության և դաժանության՝ հատկապես երեխաների նկատմամբ։
Ֆիլմի սյուժեն բարդ է, հոգեբանական և ազդեցիկ։ Հաշված րոպեների ընթացքում էկրանի վրա ստեղծվում է ցավալի և իրատեսական պատկեր. ոճրագործության անմեղ զոհ դարձած, ծնողներից ու ընտանիքից զրկված երեխաներ, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում։ Ֆիլմի խորագիրն է՝ «Ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը, երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է»:

Ֆիլմը ներկայացվել է՝

26.06.2013թ. – Կայացավ «Խավարում» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան։ Ֆիլմը ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
09.07.2013թ. և  11.07.2013թ.  – «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացվեց Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոֆիլմը։
14.05-17.05.2014թ.Իտալիայի Ռավեննա քաղաքում կայացած «Corti Da Sogni Antonio Ricci» կարճամետրաժ ֆիլմերի համաշխարհային 15-րդ կինոփառատոնին Արա Երնջակյանը ներկայացրեց իր «Խավարում» («Eclipse») խաղարկային կարճամետրաժ կինոնկարը։ Ժյուրին հատուկ հիշատակման է արժանացրել Արա Երնջակյանի «Խավարում» ֆիլմը և գնահատել այն. «արժանավոր վարպետությամբ նկարահանված կինոնկար, որպես հատուկ հաղորդագրություն աշխարհին՝ պատերազմի սարսափների ու երեխաների համար դրա կործանարար ազդեցությունների մասին»։
24.06.2014թ. – «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի (Երևան, Հայաստան)  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հատուկ ծրագրի շրջանակում բացօթյա դիտումների «Կարապի լիճ» տարածքում։ Փառատոնի Լավագույն ուղերձ. «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը։
Դիպլոմ.  « «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մասնակից, «Խավարում» կինոնկարի հեղինակ Արա Երնջակյանը ճանաչվում է հաղթող «Վնասվածը վերականգնելու կարիք կա» անվանակարգում»:
15.11.2014թ. – ԱՄՆ, Լոս Անջելես, Հոլիվուդ, «Arpa» 17-րդ Ամենամյա Միջազգային Կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (The Spielberg Theatre, Egyptian, Hollywood):
23.03.2015թ. – «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագրի կինոցուցադրությունների շրջանակներում Արա Երնջակյանը Փարիզում* կայացած «Եվրոպա ֆիլմ ակտ» միջազգային 10-րդ կինոփառատոնին (Festival de films de la Grande Europe L’Europe Autour de l’Europe «Corps et Âmes» 10-ème édition, Paris, 2015) ներկայացրեց իր «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: «Այլևս երբեք» ծրագրի շրջանակներում Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը ցուցադրվել է նաև.
24.02.2015թ.ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։
07.03-06.04.2015թ.Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած  հայկական մշակույթի «Պաղատանք» խորագրով մեկամսյակի ընթացքում:
29.03.2015թ. – Վիլնյուսի (Լիտվա) «Կինոգարուն» (Kino Pavasaris) միջազգային 20-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում:
04.07.2015թ. – ՌԴ, Վոլոգդա.  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը (սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Արա Երնջակյան) ներկայացվեց «VOICES» (Vologda Independent Cinema from European Screens) խաղարկային ֆիլմերի VI-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
15.07.2015թ. – «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Մենք կանք» արտամրցութային ծրագրի շրջանակներում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:
Հուլիս 2015թ. – Արա Երնջակյանը  հանդիսացել է «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ Միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր»  մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ:
09.10-19.10.2015թ.Իտալիայի Տրենտո քաղաքում կայացած 18-րդ «Religion Today Film Festival» կինոփառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 11-ին Տրենտո քաղաքում, հոկտեմբերի 13-ին Արկո քաղաքում և հոկտեմբերի 19-ին Մերանո քաղաքում ցուցադրվեց Արա Երնջակյանի «Խավարում» («Eclipse») կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը՝ նվիրված հայոց Ցեղասպանության 100-ամյակին։
22.11.2015թ. – «Խավարում» կարճամետրաժ խաղարկային կինոֆիլմը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Արա Երնջակյան, ցուցադրվել է Տորոնտոյում (Կանադա) կայացած Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Տորոնտոյի գլխամասի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Նուռ» 10-րդ  կինոփառատոնում (10th Pomegranate Film Festival, POM-X)։
18.01.2016թ. – Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը մասնացկեց «Դակկա» 14-րդ միջազգային կինոփառատոնին («14th Dhaka International Film Festival»), Բանգլադեշ։
16.03.2016թ. – ԱՄՆ, Նյու Յորք; Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված «SR – Socially Relevant Film Festival New York» 3-րդ կինոփառատոնում ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը: «Խավարում» կինոնկարին շնորհվեց «Best Narrative Short Award» (Լավագույն պատմական կարճամետրաժ կինոնկար) մրցանակը:
24.04.2017թ. – ԱՄՆ, Լոս Անջելեսում Առաջին ամենամյա հայկական կինոփառատոնում («AFFINLA») ներկայացվեց Արա Երնջակյանի Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը:

Արմենիկում UPSA

Պրեմիերա1999թ.

Բեմադրող օպերատոր`
Վարդան Քալաշյան
Նկարիչ`

Եվգենիա Պոդպոմոգովա
Արտադրությունը`
«ԵՐԿԱԹ» Պրոդաքշնի

Դերերում

Հ.Թոխատյան, Գ.Ամիրաղյան, Ա.Ղազարյան, Ե.Մանարյան, Զ.Արամյան, Ս.Ստեփանյան, Մ.Դոլմազյան, Ա.Հարությունյան, Ք.Մանասյան, Գ.Բաղդասարյան, Ա.Արծրունի և այլոք։

Հեղինակ

Արա Երնջակյան 
Սցենարի հեղինակ և ռեժիսոր

«Արմենիկում UPSA»-ն հումորայն ֆիլմ է այն մասին, թե ինչպես օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալները ցանկանում են առևանգել և տիրանալ ՁԻԱՀ-ի դեմ հայերի հայտնաբերած դեղամիջոցը, և թե ինչպես են նրանց դեմ պայքարում Հայաստանի հատուկ ծառայությունները…

Ժամկետը՝ 7 օր

Պրեմիերա1991թ.

Բեմադրող օպերատոր` Ա. Մելքումյան
Բեմադրող և զգեստների նկարիչ՝ Ե. Սարգսյան
Կոմպոզիտոր` Ա. Քարթալյան
Արտադրությունը՝ «ԵՐԿԱԹ» Պրոդաքշնի

Դերերում

Գլխավոր դերերում՝ Աշոտ Ադամյան և Նորա Արմանի։

Հեղինակ

Արա Երնջակյան 
Սցենարի հեղինակ և ռեժիսոր

Տղամարդ և կին։ Նրանց հանդիպումը։ Չկայացած սեր և բաժանում։ Մաշված մի պատմություն, որը կատարվում է փլուզվող քաղաքի ֆոնի վրա։ Քաղաք, ուր գալիս են զինվորներ ու կեղծ մարգարեներ։ Ամեն ինչ վերածվում է խեղկատակության…
Սերը միայն կարող է փրկել:
Դե ինչ, Երկիրը կլոր է, ուստի, գնալ առաջ՝ իրականում նշանակում է վերադառնալ հետ…
Այդ իսկ պատճառով, ոչ ոքի չեն զարմացնում փողոցում հայտնված լեգիոներները, 30 արծաթը, որը ստանալու համար «արժանի» աշակերտները ստորագրում են ցուցակում, և ինքը՝ նորելուկ մարգարեն, որին խաչի են հանում ժամանակակից վիրաբուժարանում…
Ավաղ, յուրաքանչյուր սերունդ արժանի է իր ուսուցիչներին։
Եվ մեզանից յուրաքանչյուրն ի՛ր 7 օրն ունի՝ մինչև ջրհեղեղը…

«ԺԱՄԿԵՏԸ՝ 7 օր» ֆիլմը լայն արձագանք է գտել աշխարհի շատ կինոփառատոներում.

1991 – Պրեմիերա Երևանի «Կինոյի տանը»։
1992 – Ցուցադրում Ռուսաստանի Կենտրոնական Հեռուստատեսության «Էլիտար կինո» բաժնում։
1992 – Ցուցադրում Մոսկվայի «Կինոմատոգրաֆիստների կենտրոնական տանը»։
1992 – Ռուսաստան, Սոչի, Հայրենական ֆիլմերի փառատոն «Կինոտավր-92»։
1992 – Մոսկվա, Միջազգային կինոփառատոն «Դեբյուտ»։ Ֆիլմ-դեբյուտների դիպլոմանտ։

1992 – ԱՄՆ, «The 6th American Film Institute International Film Festival» 92. A Tribute to Armenian cinema։
1992 – ԱՄՆ, Վաշինգտոն, «American Film Institute at The Kennedy Center»։
1992 – Գերմանիա, «8-Ost-West Film Fest Wiesbaden»։
1993 – ԱՄՆ, «16th Annual Portland International Film Festival»։
1993 – Երևան, Կինոդեբյուտների փառատոն-մրցույթ։ Ստանիսլավսկու և Վախթանգովի անվ. Հայկական Ֆոնդի համակրանքի մրցանակ։
1995 – Պրեմիերա Հայկական Հեռուստատեսությամբ։

ՄԱՄՈՒԼԸ՝ «ԺԱՄԿԵՏԸ՝ 7 օր» ֆիլմի մասին

«Հյուրընկալ Կամերային թատրոնը ինչ-որ չափով լեգենդ դարձավ իր երկրպագուների համար:»

Վարուժան Նազարեթյան «Երբ թատրոնն է ֆիլմ նկարահանում», «Էկրան»,  1991թ.

 «Ժամկետը՝ 7 օր» ֆիլմն իր կառուցվածքով, սյուժեով և արտահայտչաեղանակներով բարդ էր, հետևաբար, ոչ սովորական մոտեցում էր պահանջում։ Սա այն եզակի աշխատանքներից է, որ ոչ թե պետք է առավելությունների մասին խոսել, այլ՝ այն գաղափարի հզորության մասին, որի ստվերում է մնացել ամեն ինչ։
…Կինոնկարը մի անառարկելի առավելություն ունի. այն կիրթ է, զուրկ նեղազգային հակումներից…»։

Վ. Նազարեթյան, “Էկրան”, 1992

«ԵՐԿԱԹ» մշակութային ակումբ

2009-2016թթ. Երևանի Կամերային պետական թատրոնում հիմնվեց և մեծ հաջողությամբ գործեց հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի «Փոքր բեմ» մշակութային ակումբը («ԵՐԿԱԹ» ակումբը), որը հանդիսացավ իրապես մշակութային հարթակ՝ արվեստի, մշակույթի գործիչների, ստեղծագործական միավորումների, սուր կառուցողական բանավեճերի, ինչպես նաև բազում նոր մշակութային նախագծերի ներկայացման համար:
«ԵՐԿԱԹ»-ը հյուրընկալեց արվեստի և մշակույթի ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչներին՝ իրենց նվաճումներով և, հաճախ էլ՝ սուր հարցադրումներով: Այստեղ հանդիպեցին հայ մշակույթի ամենաճանաչված գործիչները, և երիտասարդներ, որոնք դեռ պատրաստվում են ընդունել նրանցից պատվավոր էստաֆետը:
Ակումբը հնարավորություն ընձեռեց երիտասարդ, դեռևս անհայտ, սակայն շնորհալի արվեստագետների՝ ներկայանալ և արժանանալ արվեստասեր հասարակության ուշադրությանը:
«ԵՐԿԱԹ» ակումբում ծավալվող բանավեճերը հաճախ այնքան ռեզոնանսային էին, քննարկվող, որ առաջարկվեց հեռարձակել հանդիպումները «Արարատ» մշակութային հեռուստաալիքով:
«ԵՐԿԱԹ» մշակութային կենտրոնն արժանի տեղ գրավեց մեր մշակույթի դաշտում և իր գործունեությունը նշանավորեց արժեքավոր նախաձեռնություններով։