Ռեժիսոր
2014թ. Երևանի քաղաքապետի պատվոգիր,
2016թ. ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխություն «Լավագույն երիտասարդական ներկայացում»։
Լուսինե Երնջակյանի պաշտոնական մուտքը կամերային թատրոն եղել է 2007թ.-ին։ Նա աշխատել է Երևանի Կամերային պետական թատրոնում՝ որպես ռեժիսոր։ Իսկ 2016թ.-ի հունիսի 6-ից Լուսինե Երնջակյանը նշանակվել է «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին: 2013թ.-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ամբիոնի դերասանի վարպետության և ռեժիսուրայի դասախոս է:
Որպես ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունները եղել են ուսանողական տարիներին։ Նա Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում բեմադրել է «Սոնատ թավջութակի համար», «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումները։ Այդ տարիներին նրա բեմադրած ներկայացումները մասնակցել են «2007-X», «Թատրոն – X», «HIGH FEST», «Դուետ», «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ և 4-րդ հանրապետական փառատոներին», ինչպես նաև «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի 1-ին Միջազգային բաց փառատոներին։
2009թ.-ին Լուսինե Երնջակյանը՝ որպես ԵԹԿՊԻ ռեժիսուրական ֆակուլտետի 5-րդ կուրսի դիպլոմային աշխատանք, ներկայացրել է «Ինչ տարբերություն, թե ում հետ» (ըստ Լ.Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի) բեմադրությունը։ Ներկայացումն առ այսօր կամերային թատրոնի խաղացանկում է և մեծ հետաքրքրություն է վայելում։ 2011թ.-ին «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը մասնակցել է «ASA ART INC» ամերիկյան ընկերության կողմից կազմակերպված «Աշխարհի թատրոնները» փառատոնին (ԱՄՆ, Լոս Անջելես)։
2009, 2011 և 2019թթ.-ին մասնակցել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների լաբորատորիային։
2014թ.-ին մասնակցել է Երևանում անցկացված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսին:
2011, 2015 և 2023թթ.-ին ընդգրկված է եղել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում։
Լուսինե Երնջակյանը եղել է «Կախարդական պարահանդես» մանկական երաժշտական ներկայացման, Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և վիսկի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի, «Հարսանեկան Պինգ-Պոնգ» ներկայացման, ինչպես նաև իր բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» և Ժորա Մարտիրոսյանի «B-1427» ներկայացումների զգեստների նկարիչը և բեմանկարիչը։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արա Երնջակյանի արվեստանոցի «դերասանական արվեստ և ռեժիսուրա» կուրսի ուսանողների, այնուհետև թատրոնի երիտասարդ դերասանակազմի հետ բեմադրել է «Անտեր Ground» (ըստ Ա.Երնջակյանի համանուն պիեսի) հոռետեսական կատակերգությունը, «Օնեգին 313» (ըստ Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպի) ներկայացումը, «Շոու #3» երաժշտական շոու-ներկայացում, «Պարոնայք VOL.2» (ըստ Ա.Երնջակյանի «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է» պիեսի) ներկայացումը, «Կաբարե Restart» երաժշտական շոու-ներկայացումը։
Լուսինե Երնջակյանը մասնակցել է 2019թ.-ին Մոսկվայում կայացած Ա.Պ.Չեխովի XIV-րդ միջազգային թատերական փառատոնին, Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Շեքսպիրյան 23-րդ փառատոն» (The Gdańsk Shakespeare Festival)։ Շեքսպիրյան Թատրոնի բեմում ներկայացվել է Վ.Շեքսպիրի «Ռոմեո & Ջուլիետ» թատերախաղը: Ներկայացման բեմադրիչ, զգեստների և բեմինկարիչ՝ Լուսինե Երնջակյան: