Մեր մասին

Հիմնադրում
1981թ.
Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981թ.-ի դեկտեմբերի 15-ին։
Սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈւՀԱ), թիմի կապիտան՝ Ա. Երնջակյան։
ՈւՀԱ
1971-1972թթ.

Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը՝ Մոսկվայում կայացած ՈւՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972թթ.)։ Ավելի ուշ, ՈւՀԱ-ի թիմի հիման վրա ստեղծվեց «Տղամարդկանց ակումբ»-ը, որի թատերախաղերը ներկայացվում էին Երևանի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի և շատ այլ բեմերում։

Կառուցում
1981թ.
Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ Եվ արդեն 1981թ.-ին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ, որն ընդունակ էր լուծելու ամենաբարդ ստեղծագործական խնդիրներ, իսկ խաղացանկում՝ հանդիսատեսին արդեն քաջ հայտնի մի շարք ներկայացումներ։
Ջազ-Տրիո
1983թ.

1983թ.-ին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։

Նույնականացման համակարգ
Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։
Կամերային թատրոնի գործունեության ընթացքում բեմադրված բազմաթիվ ներկայացումները հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն են վայելում։ Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ։
Հյուրախաղեր

Իր ստեղծման տարիներից ի վեր Երևանի Կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մի շարք քաղաքներում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Տալլինում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Հալեպում, Նանտում և այլուր։ Այն Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և աշխարհի այլ երկրներում կայացած բազմաթիվ միջազգային թատերական փառատոների դափնեկիր է։

ԵՐԿԱԹ
1994թ.
Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից, Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր` դուրս գալով զուտ թատերական գործունեության շրջանակներից, ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994թ.), «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000թթ.), «ԵրԿաթ TV», «ՅԱՆ TV» հեռուստաընկերությունները, «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը և շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Ներկայումս էլ Երևանի Կամերային թատրոնը շարունակում է մնալ՝ հանդիսատեսի մոտ կենդանի հետաքրքրություն առաջացնող նոր մտահղացումների և թատերական պրոյեկտների հեղինակ։