Մեր Մասին

1981
Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981 թվականի դեկտեմբերի 15-ին։ Սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի “Ուրախների և հնարամիտների ակումբ” (ՈւՀԱ), թիմի կապիտան՝ Ա. Երնջակյան։

1971-1972
Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը՝ Մոսկվայում կայացած ՈւՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972 թթ.)։ Ավելի ուշ, ՈւՀԱ-ի թիմի հիման վրա ստեղծվեց “Տղամարդկանց ակումբ”-ը, որի թատերախաղերը ներկայացվում էին Երևանի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի և շատ այլ բեմերում։

1981
Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ Եվ արդեն 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ, որն ընդունակ էր լուծելու ամենաբարդ ստեղծագործական խնդիրներ, իսկ խաղացանկում՝ հանդիսատեսին արդեն քաջ հայտնի մի շարք ներկայացումներ։

1983
1983 թվականին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։

Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։
Կամերային թատրոնի գործունեության ընթացքում բեմադրված բազմաթիվ ներկայացումները հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն են վայելում։ Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ։

Իր ստեղծման տարիներից ի վեր Երևանի Կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մի շարք քաղաքներում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Տալլինում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Հալեպում, Նանտում և այլուր։ Այն Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և աշխարհի այլ երկրներում կայացած բազմաթիվ միջազգային թատերական փառատոների դափնեկիր է։

1994
Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից, Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր` դուրս գալով զուտ թատերական գործունեության շրջանակներից, ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994), “Միսս Հայաստան” գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000), “ԵրԿաթ TV”, “ՅԱՆ TV” հեռուստաընկերությունները, “ԵՐԿԱԹ” մշակութային ակումբը և շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։

Ներկայումս էլ Երևանի Կամերային թատրոնը շարունակում է մնալ՝ հանդիսատեսի մոտ կենդանի հետաքրքրություն առաջացնող նոր մտահղացումների և թատերական պրոյեկտների հեղինակ։