


1994թ.-ից Երևանի Կամերային թատրոնում ստեծվել է «Fe» Մշակութային Համալիրը («Ֆերրում»՝ «Երկաթ»՝ «Երևանի Կամերային թատրոն»), որի նպատակն է՝ հայկական արվեստի պրոպագանդան։
Կենտրոնի ստեղծագործական նախագծերից մեկն էլ հանդիսացավ 1994թ.-ի հունիսի 24-ին բացված Fe-Պատկերասրահը, որտեղ ներկայացվող արվեստագետների թվում են ինչպես արդեն հայտնի, այնպես էլ երիտասարդ, սկսնակ հայ նկարիչներ և քանդակագործներ։
Fe-Պատկերասրահի գործունեության նպատակն է՝ օգնել ժամանակակից արվեստագետներին ինքնահաստատվել և ներկայացնել իրենց արվեստը հասարակությանը։
Fe-Պատկերասրահը միշտ մարդաշատ է, քանի որ ցուցասրահի այցելուն է դառնում նաև Կամերային թատրոնի ներկայացումների հանդիսատեսը։
Fe-Պատկերասրահի գողտրիկ սրճարանում, բուխարու մոտ անցկացվում են զրույցներ նկարչի հետ, կազմակերպվում քննարկումներ արվեստի հարցերի շուրջ։ Այն իր բնույթով ընկերական հավաքատեղի է։
Կամերային թատրոնի Fe-Պատկերասրահում ցուցադրվել են այնպիսի արվեստագետների ստեղծագործություններ, ովքեր են՝ Վալենտին Պոդպոմոգովը, Ֆելիքս Եղիազարյանը, Վարուժան Նազարեթյանը, Վահե Թոքմաջյանը, Հարություն Բոյաջյանը, Ռուբեն Առուտչյանը, Տիգրան Մատուլյանը, Շամիր Շահիրյանը, Մարիա Ուլիկյանը, Դավիթ Սահակյանցը և այլոք։
2018-2019թթ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ, «Կամերային ցուցահանդեսներ» արտ-նախագծի շրջանակներում, 2018-2019թթ. ընթացքում Երևանի Կամերային թատրոնի «ԵրԿաթ» պատկերասրահում գործեցին տաղանդավոր հայ նկարիչներ՝ Վահրամ Միքայելյանի (Սերսի խենթ), Ժորա Ավագյանի, Արմեն Աթանյանի, Անդրանիկ Մխիթարյանի (Անդրանիկ Սուսերցի), Վահե Վան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսները:
«Կամերային ցուցահանդեսներ» արտ-ծրագիրը հնարավորություն տվեց՝ Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին, իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը:


