Սերգեյ Դանիելյան

Ծնվել է 1964 թ. նոյեմբերի 8-ին:

1989 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաանգլիական բաժինը:

1982 – 1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1994 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը:

1995 թ.-ից աշխատել է Երևանի “Գոյ” թատրոն-լաբորատորիայում` որպես բեմի բանվոր, ապա` որպես դերասան:

1994 թ.-ից աշխատել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, ապա` Փոսի թատրոններում` որպես դերասան:

1995 թ.-ից աշխատել է “Ար” հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, հումորիստ:

1998 թ. ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է “ԻՕ” էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ:

Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում:

Խաղացել է բազմաթիվ դրամատիկական և մնջախաղային դերեր:

Խաղացած ներկայացումներից են` Մ. դե Գելդերոդի “Կատակների դպրոց”, Է. Իոնեսկոյի “Ռնգեղջյուր”, Լ. Պիրանդելլոյի “Վեց պերսոնաժ հեղինակին որոնելիս”, Վ. Սարոյանի “Օպերա-օպերա”, Մոլիերի “Դոն Ժուան”, Ժ. Անույի “Նվագախումբ” և այլն:

2006 թ.-ից համագործակցել է “Շանթ” հեռուստաընկերության հետ` մի շարք նախագծերի շրջանակներում` “Իմ անունն է”, “Պարահանդես”, “Առավոտը Շանթում”, “Ջեմիկը” և այլն: Նկարահանվել է “Երևան ջան” (2003 թ.), “Հրաժեշտ” (2004 թ.), “Lovember” (2005թ.), “Մայակ” (2006 թ.), “Իբրև սկիզբ” (2008 թ.), “В Россию за любовю” (2012 թ.), “Վճար” (2013 թ.), “Սկոչ և վիսկի” (2015 թ.) ֆիլմերում, “Վերվարածները” (2005-2012 թթ.) հեռուստասերիալում:

2004 թ. Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնում ներկայացրած “Իոցարտ” մոնոներկայացման համար Սերգեյ Դանիելյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի:

2005 թ.-ից աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում` որպես դերասան:

Խաղացել է Ա. Երնջակյանի “Ի զեն”, “Արմմագեդոն”, “Լուսատտիկների կանչը” և այլ ներկայացումների մեջ:  Խաղում է  իր իսկ հեղինակային մոնոներկայացումներում` “Իոցարտ”, “Ճամպրուկ”, “Սերյոժիկ”, “Շարքային Դանիելյան”, “Ինչպես ես դարձա տղամարդ”, “Դեսից-դենից”, “Իդիոտների մասին”, “Ուտեմ քեզ”, “Խանգարող հանգամանք” և այլն: