
ըստ Քերոլլ Ֆրեշետտի «Ժան և Բեատրիս» պիեսի
Բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան։
Դերերում՝
Արշալույս Հարությունյան
Լուիզա Ներսիսյան
Պրեմիերան կայացել է 22.02.2008 թ.-ին, Երևանում։
…Նրան ասել են՝ եթե սիրում ես մեկին, ապա չես մտածում այն ամենի մասին, ինչի մասին մտածելը քեզ ցավ է պատճառում, ու ներսիդ երաշտը չես զգում…
Իսկ ի՞նչ է սերը…
՛՛Եթե քեզ կարողանան հետաքրքրել, հուզել ու գայթակղել, ուրեմն արդեն սիրում ես…՛՛
Նա էլ հայտարարություն գրեց ու պարգև խոստացավ…
Եկան տղամարդիկ, հետո` ուրիշները, հետո եկավ նա…
ու հայտարարեց, որ իր մոտ ամեն ինչ ստացվել է…
Բայց…
Տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի։
Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։ Թեպետ անվերադարձ անցել են սիրո և ռոմանտիկայի ժամանակները, բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։
Հուզիչ ու զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում առանց հուսահատվելու խաղում է չապրած զգացմունքները, իսկ սկզբունքային ու ծայրահեղ ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում իր միանձնությունն ու բացարձակ ազատությունը։ Միևնույն ժամանակ երկուսն էլ պատկերացում չունեն ճշմարիտ սիրո մասին։
Այստեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են իսկական աբսուրդի և բարի ավարտին փոխարինում է կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը… Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է շարունակվում…

- 12.03.2008 թ. – Հայաստան, Երևան, Ազգային թատերական ստեղծագործական միավորման «2007-X» թատերական շաբաթ
- 27.03.2008 թ. – Հայաստան, Երևան, ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության՝ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ռեժիսոր Լուսինե Երնջակյանին
- 10.10.2008 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 6-րդ Միջազգային փառատոն
- 22.11.2008 – Հայաստան, Երևան, Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 3-րդ Հանրապետական փառատոն
- 02.07.2013 – Հայաստան, Գյումրի, “Դուետ” Միջազգային թատերական փառատոն՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
- 13.06.2017 – ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, ք. Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում

«Երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանի առաջին բեմադրությունն է։ Անմիջապես զգացվում էր մանրակրկիտ ու քրտնաջան աշխատանքը։ Զարմանալի էր, որ երիտասարդ աղջիկը կարողացել էր իր դերասաններին այնպիսի առաջադրանքներ տալ, որ նրանք հոգեբանական այդ բարդ ու դժվարին, ճնշված ու մենակության մատնված վիճակները ոչ թե խաղում էին, այլ ապրում էին բեմի վրա այնպես համոզիչ ու հստակ, որ թվում էր, թե դա հենց իրենց կյանքն է»։
Մ. Մակարյան, «Թատերական շաբաթը ավարտվեց…», «Ազգ», 27.03.2008