
Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 15.10.2004 թ. Երևանում։
Այս դրաման հետաքրքիր ու գրավիչ նյութ լինելուց բացի,
իր մեջ կրում է նաև երկրորդ խորհուրդը`
պիեսը նվիրված է մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի անմահ հիշատակին։
«Սոնատ թավջութակի համար» պիեսում Կինն ու Տղամարդը նշանագրված դեմքեր են։ Կա նաև Նկարիչը, ով, ճիշտ է, այլևս կենդանի չէ, և ում այդ երկուսն իրենց ատելությամբ ու նախանձով հասցրել են կործանման։ Չէ՞ որ նկարիչը դա միշտ դժբախտ պատահար է: Դժբախտ պատահար` շրջապատի համար, իսկ առաջին հերթին` հենց ի՛ր համար:
Պիեսում բոլոր գործողությունները կառուցված են երկու կերպարների լարված երկխոսությամբ։ Նրանք փորձում են պատասխանել «Իսկապե՞ս արվեստը թեթևություն չի բերում։ Պե՞տք է արդյոք արվեստը, քանի որ դժբախտացնում է մարդկանց։ Ինչո՞ւ են չարամիտ մարդիկ ստեղծագործողի հանդեպ լցված ատելությամբ» հարցերին։
Պիեսի նյութը հուզել է համայն մարդկությանն իր պատմության ողջ ընթացքում։ Շոշափվում են ինչպես համամարդկային խնդիրներ, այնպես էլ վառ անհատականությունների ու ստեղծագործողների բախումն ու անհաշտությունը հասարակության ու միջակություն մեջ խարիսխված կեղծ արժեքների և խեղաթյուրված բարոյական նորմերի ու համակեցության կանոնների հետ, անշուշտ՝ հանճարին բնորոշ էմոցիաներով ու դրսևորումներով։

11.05.2004 – Հ1 Հայաստանի Ազգային Հեռուստաալիքով կայացավ
“Սոնատ թավջութակի համար” հեռուստաներկայացման պրեմիերան՝ ըստ Արա Երնջակյանի դրամայի:
Հեռուստատարբերակի ռեժիսոր՝ Գևորգ Խաչատրյան:
Դերերում՝ Քեթրին Մանասյան, Արշալույս Հարությունյան:
15.05.2006 – «Սոնատ թավջութակի համար» ներկայացման պրեմիերա, որը կայացավ Ս. Փարաջանովի տուն-թանգարանում։ Բեմադրող ռեժիսոր՝ Հ. Ղազանչյան։
ՓԱՌԱՏՈՆԵՐ
2007 – Հայաստան, Երևան, «HIGHFEST» 5-րդ Միջազգային փառատոն։