Previous Next
Սեպտեմբերի 16,23,29     ՌՈՄԵՈ & ՋՈՒԼԻԵՏ                                                                         ...
Սեպտեմբերի 12,19                                                                                                

Արա Երնջակյան

  

  

 

   ԱՐԱ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ  ԵՐՆՋԱԿՅԱՆ  


  ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ,  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ,   
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ     ԳՈՐԾԻՉԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ,  ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ՏՆՕՐԵՆ, ԴՐԱՄԱՏՈՒՐԳ

Ծնվել է 1951 թվականի մարտի 2-ին, քաղաք Երևանում։

1974 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը։

1983 թ. ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը, ստանալով ռեժիսորի մասնագիտություն։

1971-1972 թթ. Արա Երնջակյանի ստեղծած Ուրախների և հնարամիտների Ակումբի առաջին հայկական թիմը հաջողությամբ ելույթներ ունեցավ Մոսկվայում կայացած Համամիութենական մրցույթներում՝ հասնելով եզրափակիչ փուլ։

1976 թ. կազմավորել է “Տղամարդկանց ակումբ”-ը, որն ուներ կոնկրետ թատերական ուղղվածություն։

1982 թ. հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է Երևանի Կամերային թատրոնը, որն իր յուրովի ոճով և մեկնաբանություններով ճանաչված և սիրված է թե մեր երկրում և թե նրա սահմաններից դուրս:

Արա Երնջակյանը 30-ից ավելի պիեսների, հինգ կինոսցենարների, մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է, որոնց մի մասը զետեղված  է նրա ստեղծագործությունների քառահատոր հավաքածուի մեջ։

Ա. Երնջակյանը թատրոնում իրականացրել է 60-ից ավելի բեմադրություններ, տասնյակ մեծածավալ  շոու-միջոցառումներ (“Սուրբ Ծնունդ” և այլն), նկարահանել է երեք լիամետրաժ գեղարվեստական կինոնկար՝ “Ժամկետը՝ 7 օր” (1990), “Արմենիկում UPSA” (1999), “Հոբելյանական հաճախորդ” (2011)։

1992-1995 թթ. իրականացրել է մի շարք հեռուստանախագծեր`  “Նորք” (Երևան), ՕՌՏ (Մոսկվա), “Արմենիա թու դեյ” (ԱՄՆ) հեռուստաընկերությունների պատվերներով։

1996 թվականից 4 տարի շարունակ Արա Երնջակյանը, առաջինը Հայաստանում, կազմակերպեց  “Միսս Հայաստան” Գեղեցկության և Նրբագեղության Ազգային մրցույթը լինելով նաև մրցույթի կազմկոմիտեի նախագահ։ Այդ մրցույթների կազմակերպման բարձր որակի վկայությունն է այն, որ հետագայում դրանց հաղթողները մի շարք միջազգային մրցանակաբաշխություններում նվաճեցին  բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ։

1998 թ. ստեղծել է “ԵՐԿԱԹ TV Փրոդաքշըն”-ը, հետագայում՝ “ՅԱՆ TV” հեռուստաընկերությունը, որի հաղորդումները ցուցադրվում են Հայաստանի տարբեր հեռուստաալիքներով։

1998-2001 թթ. Արա Երնջակյանը զբաղեցրել է Երևանի Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետի պաշտոնը։

2004 թ. Կամերային թատրոնում տեղի ունեցավ Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի առաջին հատորի (ռուսերեն լեզվով) շնորհանդեսը։ Այն իր մեջ ներառում է երեք պիես` “Սոնատ թավջութակի համար”, “Ալքիմիկոս”, “Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին”, երկու կինոսցենարներ. “Ժամկետը՝ յոթ օր”, “Երեք հանցագործությունների պատմություն” և մեկ հետազոտական էսսե՝ “Ով ով է Շեքսպիրի “Համլետ” պիեսում”։

2005թ. Թատերական արվեստում բացառիկ նվաճումների համար Արա Երնջակյանը պարգևատրվեց “Արտավազդ” կրծքանշանով։

2006-2007 թթ. թատերաշրջանի “Լավագույն ներկայացում” անվանակարգում ամենամյա մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ “Ի զե՛ն” ներկայացման համար։

2008 թ. լույս տեսան Արա Երնջակյանի “Հոռետեսական կատակերգություններ” գրքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հատորները (հայերեն լեզվով), ուր տեղ են գտել ինչպես պիեսներ, այնպես էլ աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին։ Ժողովածուի մեջ տեղ է գտել նաև “Մի կերպարի ոգեկոչություն” (Հորացիոյի կերպարը Շեքսպիրի “Համլետ”-ում)  գիտական աշխատանքը։

2009 թ. ՀԹԳՄ “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխության “Տարվա լավագույն պիես” անվանակարգում մրցանակ շնորհվեց Արա Երնջակյանին՝ “Հոբելյանական հաճախորդ” պիեսի համար։

2011 թ. Ա. Երնջակյանը նկարահանեց  “Հոբելյանական հաճախորդ” լիամետրաժ կինոֆիլմը (գլխ. դերերում Լուիզա Ներսիսյան, Դավիթ Քացառավա), որը 2012 թ. մեծ հաջողությամբ ցուցադրվեց մեր կինոթատրոններում, ինչպես նաև մասնակցեց մի շարք հեղինակավոր միջազգային կինոփառատոների` արժանանալով հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականին:

2012 թ. պաշտպանեց թատերագիտության բնագավառում թեկանածուական թեզը “Հորացիոյի կերպարի մեկնաբանությունը` որպես հին հունական պարերգի մետամորֆոզ” թեմայով: Աշխատությունը, ըստ մասնագետների, հանդիսացավ նոր խոսք շեքսպիրագիտության մեջ` նորովի մեկնաբանելով անմահ ողբերգության թերևս ամենախորհրդավոր կերպարը:

2016թ.  Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար, Երևանի կամերային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունի Երնջակյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:  

2016 թ. սեպտեմբերին ՌԴ Մոսկվա քաղաքում լույս տեսավ Արա Երնջակյանի “Հորացիոյի գաղտնիքը” գիրքը: Հայտնի կինոռեժիսոր, դրամատուրգ եւ գիտնական Արա Երնջակյանի “Հորացիոյի գաղտնիքը” գիրքը նվիրված է Վիլյամ Շեքսպիրի թերևս ամենախորհրդավոր ու սակավ ուսումնասիրված  կերպարին՝ Հորացիոյին: Այս գիտահետազոտական աշխատանքը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել անգլիական մեծն դրամատուրգի ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրող գիտնականների շրջանում եւ խթանել՝ վերանայելու հայտնի ստեղծագործության մի շարք արմատացած տեսակետներ:

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Հայաստանի թատերական գործիչների և կինոմատոգրաֆիստների միությունների անդամ, բազում կինո և թատերական փառատոների և մրցույթների դափնեկիր Արա Երնջակյանը շարունակում է աշխատել նոր ներկայացումների, պիեսների և նախագծերի վրա:  

 

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

 
              

    
                   

      
  

 

 

 

 

 

Copyright