fbpx

Հասմիկ Տեր-Կարապետյան

Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվ23․01․1954թ․
ԾննդավայրՔ. Երևան
ԿրթությունԵրևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, Կիմ Արզումանյանի արվեստանոց
Մրցանակներ
1986թ. Պետական շքանշան-մրցանակ
,
2017թ. «Նարեկ» միության շնորհակալագիր և Նարեկացի հուշամեդալ,
2019թ. Շնորհակալագիր Նորք վարչական շրջանի գրադարանի կողմից։

Հասմիկ Տեր-Կարապետյանը ՀՀ վաստակավոր դերասան Զարեհ Տեր-Կարապետյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Վարսենիկ Գրիգորյանի դուստրն է: Վաղ հասակից նկարահանվել է մանկական տարբեր հաղորդումներում, հեռուստատեսային ներկայացումներում:
Ուսանողական տարիներին խաղացել է Հր.  Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այնուհետև աշխատել է պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի:
1991թ.-ին տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ ևս զբաղվել է թատերական գործունեությամբ: Սփյուռքահայ երիտասարդների համար բեմադրել է երեք ներկայացում, պատրաստել ռադիոհաղորդումների շարք` նվիրված հայ թատրոնին, դերասանուհիներին ու ժամանակակից պոեզիային:
2003թ. «Վերջին արարը» ներկայացման մեջ մարմնավորել է Մարի Նվարդին: Ներկայացումը նվիրված էր դերասանուհու 150-ամյակին:
2006թ.-ին ներկայացրել է «Երկյուղած լռություն» իրատեսական էլեգիան` նվիրված մեծանուն դերասանուհի Սիրանույշի կյանքին ու գործունեությանը: 2002–2007թթ.-ին Հասմիկ Տեր-Կարապետյանը եղել է մանկական թատերախմբերի «Նռան հատիկ» փառատոնի կազմակերպիչներից, ինչպես նաև` «Արփի» մանկական թատերախմբի ղեկավարը:
2008թ.-ին Սիրիայի Հալեպ քաղաքի ՀԲԸՄ Հ.Ե.Ընկերակցության Ադամյան Թատերախմբի հրավերով, Համիկ Տեր-Կարապետյանը հանդիսացել է Արա Երնջակյանի «Էտյուդ կանանց մասին» ներկայացման բեմադրության երկրորդ ռեժիսորը:
Նա նկարահանվել է. «Ձայն բարբառոյ…», «Քրմուհին», «Արտիստը», «Սիմոր» և այլ կինոֆիլմերում:
2011թ.-ից Հասմիկ Տեր-Կարապետյանն աշխատում է Երևանի Կամերային պետական թատրոնում` որպես դերասանուհի, ներկայացնում է «Ժամանակի վարագույրը» մոնոներկայացումը՝ մարմնավորելով առաջին հայ դերասանուհի մեծն Արուսյակ Փափազյանի վերելքը, հաղթանակն ու ողբերգությունը:
2012թ.-ից լույս է տեսել նրա հեղինակած «Նամակ հայրիկիս, հասցեն` դրախտ» գիրքը:
2012թ.-ից մինչև 2020թ.-ը բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Հանրային ռադիոյի գրական ժամերին պարբերաբար ներկայացնում է հայ-մեծանուն դեմքերին: Հայ-ամերիկյան ռադիոյում ձայնագրում է հայ դասականների ստեղծագործությունները: