Ժորա Ավագյանի նկարների ցուցահանդես

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնի «Երկաթ» սրահում ներկայացվելու է «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երկրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ ժորա Ավագյանի ստեղծագործություններով:
«Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:

Ժորա Ավագյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև ս. թ. հուլիսի 29-ը:
Սիրով սպասում ենք…
————————————————————————
Ժ. Ավագյանը ծնվել է 1952թ-ին Ջավախքի Բուղաշեն գյուղում: 1969-ին ընդունվել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության եւ գծագրության բաժինը, այնուհետեւ աշխատել է Հրազդանի հանրակրթական դպրոցում: 1978-ից աշխատել է Երվանդ Քոչարի անվան Հրազդանի մանկական գեղարվեստի դպրոցում: 1978-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:
1994-ին, ավաղ, ստեղծագործական ծաղկուն շրջանում նրա վրձինը հավերժորեն մնաց ներկապնակի մեջ: Ժ. Ավագյանի նկարները դիտողին գերում են ինքնատիպությամբ ու գույների ներդաշնակ համադրությամբ: Նա սիրում էր կյանքը, իր արվեստով ցույց տալիս կյանքի գեղեցկությունները, ապրելու եւ դրանք զգալու անկրկնելի ու անիմանալի հմայքը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
!!! «Կամերային ցուցահադրություններ» նախագիծը շարունակական է. յուրաքանչյուր ամիս կընտրվի մեկ արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու արվեստաբաններին, հանրությանը, արվեստագետներին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին:
Ազատ եք ներկայացնելու ձեր կամ ձեզ ծանոթ նկարչի ստեղծագործությունները՝ արտ-պրոյեկտին մասնակցելու համար: Իդեպ՝ ցուցահանդեսի կազմակերպման ամբողջ գործընթացը կատարվում է բացարձակ անվճար: Մասնակցության եւ այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում եմ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ +374 96-17-28-24: