Անդրանիկ Սուսերցի ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի Կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ, “Կամերային ցուցահանդեսներ” արտ-նախագծի շրջանակներում, ս. թ. հոկտեմբերի 2-ից Երևանի Կամերային պետական թատրոնի “ԵրԿաթ” պատկերասրահում գործում է նկարիչ Անդրանիկ Սուսերցու ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ս. թ. հոկտեմբերի 30-ը:

Գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյանը ծնվել է 1946 թ. ՀՀ Թալինի շրջանի Սուսեր գյուղում: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժնում: Լինելով եղեռնապուրծ գաղթականների գերդաստանի զավակ և խորապես գիտակցելով իր արմատները՝ տոգորվել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներով: Երիտասարդի համարձակությունն ու ընդվզումը հանգեցրին նրան, որ 1960-ին հայտնվեց խորհրդային երկրի պետանվտանգության մարմինների ուշադրության շրջանակում և արդյունքում դատապարտվեց՝ որպես քաղբանտարկյալ: Ազգային զարթոնքի տարիներին նա դարձավ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից մեկը:
Նկարել սկսել է վաղ մանկության տարիներից: Ինքնաբուխ ձգտումը դեպի նկարչությունը նրան տարավ մեծ արվեստ: Առանձնակի ազդվել է հայկական մանրանկարչական արվեստից. դրանով են նաև ձևավորվել իր գեղագիտական հայացքները: Անդրանիկ Մխիթարյանի նկարելաոճին բնորոշ է ֆոմիզմը, ինչի արտահայտություններն են դիպուկ և համարձակ վրձնահարվածները, լեցուն-խիտ գույները և ջերմ երանգապնակը:
1998-ից ՀՆՄ անդամ է: Լայն հանրությանն իր գործերը ներկայացրել է՝ սկսյալ 1974 թ.-ից, ունեցել է անհատական ցուցահանդեսներ (առաջինը՝ Երևանի Ժուռնալիստների տանը՝ 1975-ին), մասնակցել է մի շարք խմբակային ցուցադրությունների: Նրա բազմաժանր գործերը ցուցադրվել են Երևանի Սպայի տանը (1996), Ճամբարակում (1997), Օշականի դպրատանը (2008), Լիբանանում (2004), ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում (2012), Հայաստանի նկարիչների միությունում և ռազմական թանգարանում կազմակերպված ցուցահանդեսներին, այլուր:
Իր արվեստով նա արծարծում է հայրենանվիրության գաղափարը՝ մեծ տեղ տալով այդ արժեհամակարգով երիտասարդության դաստիարակությանը: Հայ մտավորականությանը նվիրված իր նկարաշարն այդ գաղափարի մարմնացումներից մեկն է: Պատկերել է Մաշտոցին, Նարեկացուն, Կոմիտասին, այլոց: Ժանրային առումով նրա արվեստն ընդգրկուն է՝ բնանկար, դիմանկար, գրաֆիկա, նատյուրմորտ. առանձնակի տեղ է տալիս թեմատիկ նկարչությանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!

«Կամերային ցուցահադրություններ» նախագիծը շարունակական է. յուրաքանչյուր ամիս կընտրվի մեկ արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու արվեստաբաններին, հանրությանը, արվեստագետներին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին: